Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Սահմանամերձ մեր հայրենիքը մանրամասն սիրելու հայրենիք է

Սահմանամերձ մեր հայրենիքը մանրամասն սիրելու հայրենիք է
08.05.2009 | 00:00

ԱՅՍ ԱՆԴՈՒՌ, ԽՈՐՇԱԿՅԱԼ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ
Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում գոնե մեկ անգամ իր կռիվը պիտի մինչև վերջ տա: Աշխարհի ուժեղներն այդ բանն արել են միջին դարերում, մյուսները` ավելի ուշ, և յուրաքանչյուրն ըստ արժանվույն իր տեղն ու դերն ունի այս արևի տակ:
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Ամեն ժողովուրդ իր պատմության մեջ ունի տարեթվեր, տեղանուններ ու մարդիկ, որոնք խորհրդանիշի նշանակություն են ստանում ու դառնում յուրատեսակ կոդեր, որոնցով ժողովուրդը քարագրում է իր տարեգրությունը:
...Տղմուտ գետի աջ ափից Մուշկան Նյուսալավուրտը պարսկական զորքն առաջնորդեց անհնազանդ հայերի դեմ, որոնց մարզպան Վասակ Սյունին փակվել էր Սյունիքում, իսկ սպարապետ Վարդան Մամիկոնյանն իր 66-հազարանոց զորքը հավաքել էր Այրարատում ու պարսիկների հարձակման լուրն առնելով` շտապեց կանխել երկրի տարածքում նրանց առաջխաղացումը: Այդպես 451 թ. մայիսի 26-ին ոչնչով աչքի չընկնող Տղմուտ գետի աջ ու ձախ ափերը դարձան հայոց պատմության աջ ու ահյակ էջեր: Եղիշեն հետո գրեց. «Ոչ թե մեկ կողմը հաղթեց և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով, երկու կողմերն էլ պարտություն կրեցին»: Սպանվեց սպարապետը, սպանվեցին իշխանները, բանակից մնացին միայն սխրանքների պատմություններ: Ավարայրի ճակատամարտի գնահատականները 1558 տարի հետո էլ տարբեր են. ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը տրամագծորեն հակառակ էին տեսնում երկրի մարզպանն ու երկրի սպարապետը, նրանք այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան: Յուրաքանչյուր կողմն ուներ իր ճշմարտությունը, և ոչ մեկը չհասկացավ մյուսին: Պյուռոսյան հաղթանակ կանվանեին այլք, մենք կոչեցինք` բարոյական: ՈՒ դա ավելի շատ վերաբերում էր ոչ թե ճակատամարտի ելքին, այլ հակամարտության հաղթահարմանը: Մենք համարեցինք, որ հաղթահարել ենք պարսիկների դավանափոխության սպառնալիքը, պարսիկները մոռացան, որ իրենց բանակը ինչ-որ տեղ կռվել ու մատյան գունդ է կորցրել, մի քանի հազար զոհ է տվել: Նրանք այդ ճակատամարտը մոռացան, որովհետև հաղթանակներից գերադասում էին ոչ թե բարոյականը, այլ իրականը: Նաև այդպիսին էր հայերիս 5-րդ դարը:
...Առաջին աշխարհամարտում պարտված Թուրքիան 1918 թ. մայիսին ներխուժեց Արևելյան Հայաստան, մայիսի 15-ին գրավեց Ալեքսանդրապոլը, մինչ այդ արդեն հանձնվել էին Տրապիզոնը, Երզնկան, Էրզրումը, Սարիղամիշը, Կարսը: Մայիսի 21-ին Արարատյան դաշտավայրով նրանք հասան Սարդարապատ: Եվ եթե մինչև Սարդարապատ նրանց ճանապարհը հարթ էր ու ոչինչ չէր վկայում, որ թուրքական բանակն իր հաղթանակների վերջին մետրերն է չափում, հայկական համարյա գոյություն չունեցող բանակը, որ Էրզրումից մինչև Արաքս միայն նահանջել էր, դադար առավ ու հասկացավ, որ Հայաստանը սահմանամերձ հայրենիք էլ կարող է չլինել, ընդհանրապես կարող է չլինել, կարող է մ.թ.ա. Աստված գիտի` երբ իր պատմությունը սկսած լինելով` ավարտել ինչպես եգիպտացիները, ասորիները և այլ ժողովուրդներ, որ անհետացել են` անունն էլ չպահպանելով: 1918-ի մայիսյան իրենց հաղթանակները հայերն անվանեցին հայրենական պատերազմ` մայիսի 29-ին հաղթելով Բաշ-Ապարանում, մայիսի 30-ին` Ղարաքիլիսայում: Թուրքական բանակի հրամանատարը Բաթումում հայտարարեց. «Հայերը Ղարաքիլիսայի մարտում ցույց տվեցին, որ կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները: Դա հազվագյուտ մարտ էր այս պատերազմում»: Հաղթանակն իրական էր, ավելի ռեալ ոչինչ չի լինում, քան ճակատամարտից հետո ողջ մնացած զինվորը: Եվ ամբողջ չորս օր մենք հաղթող էինք. 1918 թ. հունիսի 4-ին Բաթումում Հայաստանի ու Թուրքիայի միջև կնքվեց հաշտության պայմանագիր, որ 12000 քառակուսի կիլոմետր կենսատարածք էր թողնում մեր դարավոր երազանքների ու մնացած ամեն ինչի համար: ՈՒ մենք վերստին հաղթեցինք` պարտվելով, վերստին մեր հաղթանակը իրականից դարձավ բարոյական: Նաև այդպիսին էր հայերիս 20-րդ դարը:
...1945 թ. մայիսին մենք մի անգամ էլ հաղթեցինք` Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթական հրավառության մեջ մեր լույսերն էլ կային: Փոքրիկ Հայաստանը մեծ պատերազմին տվեց, ինչ կարողացավ, հայ զինվորը հաղթական մտավ Բեռլին... «Մեր սուրը փառքով դրեցինք պատյան», հավաստեց հայ բանաստեղծը: Բայց դա դեռ Թուր Կեծակին չէր: Այդպիսին էր հայերիս 20-րդ դարը:
...Եվ ոչ միայն. 20-րդ դարի մեր պատմությունը պիտի փոխեր բարոյական հաղթանակների իր անունն ու հաղթանակի իր չափանիշները: ՈՒղիղ 70 տարի հետո. նախ` Սումգայիթ, հետո` Բաքու, արդեն 92-ի մայիսի 9-ին` Շուշի:
...Ցուրտը: Առաջին զգացողությունը ցուրտն էր, խայտառակ ցուրտը: Անհեռանկար հունվարյան ցուրտը: Իսկ Ազատության հրապարակը լիքն էր` չհրավիրված հանրահավաք: Ցուրտը գողանում էր բառերն ու փորձում իմաստն էլ ոչնչացնել: Չէր ստացվում: Բառերը զրնգում էին օդում ու սպանում ցուրտը: Բառերի մեջ խոստում չկար, տաք ու լուսավոր օրերի հիշեցում չկար: Կար զգաստ, խիստ ու գործնական ձայն, որ ասում էր` մենք բանակ չունենք: ՈՒ դա իրականություն է: Բայց իրականություն է նաև այն, որ մենք բանակ պիտի ունենանք` մեր բանակը: Նա չէր խոսում թշնամու մասին, սահմանների մասին, սահմանների պաշտպանվածության ու անպաշտպանության մասին: Նա ասում էր, որ Հայաստանը պիտի բանակ ունենա: Ինքն էր ասում... Ցո՞ւրտը: Հունվա՞րը: Թշնամի՞ն: Անպաշտպան սահմաննե՞րը: Վա՞խը: Զենք չունենա՞լը: Զինվոր չունենա՞լը:
Բանակ պիտի լիներ: «Ես օրվա և մոտակա նպատակներ դնող և լուծող մարդ եմ: Այդ տեսակն եմ: 1989-ին, երբ խոսվում էր բազմահազարանոց բանակ ստեղծելու մասին, մենք Արարատում ստեղծեցինք մեր ինքնապաշտպանական ջոկատը, երբ ամբողջ հայ ժողովուրդը մտածում էր բազմահազար ավտոմատներ ձեռք բերելու մասին, մենք մեր ջոկատը զինեցինք որսորդական հրացաններով և ինքնաշեն նռնակներով: Հետո, երբ բոլորը խոսում էին ռմբակոծիչների մասին, ես, արդեն որպես պաշտպանության նախարար, հայթայթում էի ավտոմատների առաջին չափաբաժինը: Հետո, երբ բոլորը խոսում էին հեռահար կայանքների մասին, ես փորձում էի Հայաստանի նորաստեղծ բանակի համար հրետանու միջոցներ և ինքնաթիռներ ճարել: Եվ այսպես շարունակ: Արդյունքում` այսօր Ադրբեջանն աղմկում է արդեն մեր հեռահար հրթիռների, Հայաստանի` որպես ատոմային պետության մասին»:
Բանակ պիտի լիներ... Նույնիսկ եթե երկիրն ու պետությունը դեռ չկային որպես երկիր ու պետություն: Բանակ պիտի լիներ, որ երկիրն ու պետությունն էլ լինեին... Դիմանային, դիմակայեին, դիմադրեին... Անհեթեթ պատճառաբանություն էր ոչինչ չունենալն ու ամեն ինչ զրոյից սկսելու անհրաժեշտությունը: Վազգեն Սարգսյանը չէր փնտրում արդարացում, նա միջոցներ էր գտնում: Նա հավատում էր անհրաժեշտության երկաթե տրամաբանությանը, որ հնարավորություն է ստեղծում ոչնչից. «Ես դյուրահավատ չեմ: Դյուրահավատ չեմ, հավատավոր եմ: Չեմ սիրում ավելորդ կասկածամտությունը: Տեղին-անտեղի թշնամիներ փնտրել-գտնելու մոլուցք չունեմ: Դա ժամանակի կորուստ է, նյարդերի քայքայում: Ամեն տեղ բարեկամներ, հավատակիցներ, համախոհներ եմ փնտրում: Այդպիսով ուժեղանում ենք թե՛ ես, թե՛ բանակը»:
Այդպես` փամփուշտ առ փամփուշտ, զինվոր առ զինվոր ստեղծվեց բանակն ու առաջին գունդը` ընդամենը հինգ ջոկատ, հրապարակից գնաց ռազմաճակատ: Այդպես ստեղծվեցին հաղթանակները` ճակատամարտ առ ճակատամարտ, կրակոց առ կրակոց, մետր առ մետր` մինչև զինադադար: ՈՒ նա բոլոր զինվորների հետ էր, որովհետև սահմանամերձ հայրենիքում պատերազմի ժամանակ ոչ զինվորներ չեն լինում: Հետո, հաղթանակից հետո են նրանք հայտնվում, որ զինվորական հագուստներով խրամատներում լուսանկարվեն ու հաղթանակից իրենց մասն առգրավեն` չունեցած-հնարած, բայց խաղաղության մեջ անհրաժեշտ դարձած մասը:
1992-ի մայիսի 9-ին ազատագրվեց Շուշին: Մարտական գործողությունը պայմանականորեն կոչվել էր «Հարսանիք»` սպարապետ Վազգեն Սարգսյանը վերջապես ամուսնանալու խոստում էր տվել Շուշիի գրավումից հետո: Շուշին գրավող զինվորների թիկունքի սպիտակ խաչերն էլ նրա երազի արդյունքում էին հայտնվել. երազում ասել էին, որ եթե զինվորների թիկունքին խաչ պատկերվի, նրանք անհաղթ կդառնան... Այդ խաչերից մեկն էլ հիմա Շուշիի մատույցներում կանգնած տանկի վրա է...
...Խելահեղորեն երկար ու դաժան էր այն ժամանակը, որ մենք ապրել էինք այս անդուռ, խորշակյալ Արարատյան դաշտում, երբ շուրջ 700 տարվա պատմությունն ամփոփող մի բանաստեղծ միայն կարող էր հանդգնություն ունենալ ասելու` այո՛, երկրային անիմաստ ընթացք է եղել ու քաղցած, քոսոտ, անբուրդ է եղել առասպելյալ մեր գայլը, և հակառակը պնդելու` ոչ մի փաստարկ: ՈՒ ճիշտ է, որ երկար տարիներ գահազուրկ ու անժողովուրդ արքաներն են եղել առաջնորդ, ճիշտ է, որ օտար խարույկներից ենք ոգու կրակ հայցել... Ավելին կարող էր գրել` ինչպես ենք մենք մեր արքաներին դավաճանել` հարևան երկրներից օտարազգի արքաներ խնդրել-բերել, ինչպես ենք մենք մեր քաղաքներն օտարներին վաճառել: Կարող էր գրել, որովհետև պատմությունն ուներ այդ վավերագրերը, որովհետև իրականությունն այդ էր: Բոլոր ժողովուրդների պատմությունն է այդպիսին, նույնիսկ աշխարհակալ Հռոմում դարեր շարունակ բարբարոսներն էին իշխում, ու աշխարհում արդեն քչերն էին հավատում ու հիշում կեսարներին...
1992 թ. մենք փոխեցինք պատմության այս ընթացքը, երբ պատմության քառուղիներով քայլել էինք երկար, անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար... Վերջապես ստեղծվեց մտածողության այն որակը, որից իրական հաղթանակներն են սկսվում: Շուշիի ազատագրումից առաջ մենք ազատագրվեցինք նախ` բարոյական հաղթանակներից, հաղթելով պարտվելու մեր դարավոր բարդույթից, ապա հաղթեցինք թշնամուն: Մենք վերջապես հասկացել էինք. «Մենք մեր ազգային պատերազմն անընդհատ հետաձգել, բերել-հասցրել ենք 21-րդ դարի շեմին, հիմա էլ նստենք-մտածենք, թե այդ կռվում արժե՞, թե՞ չարժե զոհվել: Ճիշտ եմ արել, որ կենաց ու մահու ընտրության կոչով եմ դիմել: 1915 թ. առանց լուրջ դիմադրության թողեցինք, որ մեզնից միլիոն ու կեսին կոտորեն: Տասնյակ հազարավոր մարդիկ այս ընթացքում զոհվեցին բնական աղետներից: Տարիներ հետո սերունդները մեր մասին դատելու են ոչ թե նրանով, որ 1989-1995 թթ. հինգ հազար հրաշալի զինվոր կորցրինք, այլ այսպես` ստեղծեցի՞նք պետություն, թե՞ ոչ, պաշտպանեցի՞նք մեր հայրենիքի սահմանները, թե՞ ոչ: Հաղթել են, պետություն են ստեղծել այն ժողովուրդները, որոնք պատերազմի կես ճանապարհին չեն հոգնել»...
Մենք վերջապես հասկացել էինք` սահմանամերձ մեր հայրենիքը մանրամասն սիրելու հայրենիք է:
2009-ի մայիսին ինչպիսի՞ն ենք մենք, ցույց կտա ժամանակը:
Բայց ինչ էլ ժամանակը ցույց տա, մենք արդեն ապրել ենք իրական հաղթանակի զգացողությունը, համեմատել ենք բարոյական ու այլ հաղթանակների հետ, և այլևս անհնար է, բյուզանդացի Մորիկ կայսեր գնահատականով, այս «խոտոր ու անհնազանդ ազգին» շեղել իր հաղթանակների ճանապարհից:
ՈՒ մայիսյան ճակատամարտերի մեր ընթացքն արդեն 1558 տարի այդ է վկայում, նույնիսկ եթե մենք չենք գնահատում ու որբ ենք թողնում մեր հաղթանակները: Ոչինչ, այդպես լինում է ժամանակ առ ժամանակ, բայց ժամանակները նույնը չեն մնում:
Կարևորը` սրտով հասկացել ենք, որ սահմանամերձ մեր հայրենիքը մանրամասն սիրելու հայրենիք է: Իսկ սիրտը չի սխալվում, նույնիսկ երբ հակադրվում է տրամաբանությանը:
Ամեն ժողովուրդ իր պատմության մեջ ունի տարեթվեր, տեղանուններ ու մարդիկ, որոնք խորհրդանիշի նշանակություն են ստանում ու դառնում յուրատեսակ կոդեր, որոնցով ժողովուրդը քարագրում է իր տարեգրությունը: Մենք վերջապես ստեղծել ենք հաղթանակի մեր կոդը, և դա այլևս բեկման ենթակա չէ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4764

Մեկնաբանություններ